ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Ծերուկ աղվեսն ու իր աղվեսները-2

Ծերուկ աղվեսն ու իր աղվեսները-2
09.02.2016 | 02:31

Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունները ներկայացնող մեր այս նյութերը բացառապես անդրադարձ են առաջին եռյակը կազմող թիմերին, ու որքա՜ն պիտի կարևորություն ունենա որևէ այլ ակումբ կամ հանդիպում, որ ներառվի սույն շարքում: «Լեստերի» պարագայում մեր խնդիրն ավելի քան դյուրին է: Անգլիական սույն ակումբը, որ հաստատ այս մրցաշրջանի հայտնությունն է եվրոպական ֆուտբոլում, ոչ միայն առաջին եռյակում է, ինչն ինքնին արդեն երևույթ է, այլև շարունակում է պատմություն կերտել ու ընդ որում այնպիսի զարմանալի թեթևությամբ, ասես բուն կոչվածությունը հենց դա է, որ կա:

ԱՆԳԼԻԱ
Անգլիական «աղվեսները» ծերուկ Ռանիերիի գլխավորությամբ, որ սկզբում թվում էին պարզապես խռովարար կամ տաքգլուխ, պարզվում է, ի սկզբանե էլ տրամադրված են եղել հեղափոխության, ու ընդամենը ծխածածկույթ ՝էր նրանց այն հայտարարությունը, որ լուծում են լոկ պրեմիեր լիգայում մնալու խնդիր: Մինչդեռ փաստերն արմատապես այլ բան են վկայում: Տեսեք՝ հետևում է մնացել 25 տուր, առջևում են 53 միավորով, որը երկրորդ հորիզոնական բարձրացած «Տոտենհեմի» ունեցածից ավելի է հինգ, երրորդ հորիզոնական նահանջած (մեկ օր անց այնտեղից էլ գլորված) «Մանչեստր Սիթիի» հավաքածից ավելի է վեց միավորով: «ՈՒոտֆորդին» նվազագույն հաշվով հաղթած «Տոտենհեմին» թողնենք մի կողմ, բայց ի՞նչ ասենք սեփական հարկի տակ նույն այդ խռովարարներին հյուրընկալած «Սիթիին», որը, հաղթելու դեպքում հավասարվում էր նրանց ու դառնում գուշակվող այն անկման սկզբնավորողը, որ մասնագետներն անում են «Լեստերի» առնչությամբ: Մենք իսկապես ասելու բան չունենք և ի՞նչ ասենք, երբ ասողը՝ տվյալ դեպքում Ռանիերին, հանդիպումից առաջ ամեն ինչ պարզ ու հստակ արդեն բարձրաձայնել էր. «…վստահ եմ, որ մեր ֆանատներին հրաշալի նվեր կանենք»:
Հիմա Դո՛ւք ինձ ասեք՝ եթե «Սիթիի» դաշտում նրան 3:1 հաշվով հաղթելը հրաշալի նվեր չէ, բա ի՞նչ է: Ահա Ձեզ այսպիսի «Լեստեր», որի հարվածային ուժին՝ Վարդիին ու Մարեզին, եթե հաջողվում է չեզոքացնել (Մարեզն այս խաղում գոլ է խփել), մեջտեղ է գալիս երկումետրանոց հսկան՝ Ռոբերտ Խուտը, ում բուն ֆունկցիան դաշտում պաշտպանության ցեմենտումն է: Հիշենք «Լիվերպուլի» հետ խաղում նրա գոլը (ի դեպ՝ հենց Յուրգեն Կլոպի սաների հետ խաղով էր կանխագուշակվում «Լեստերի» վայրէջքը) ու սրա կողքին մտապահենք այս վերջին խաղում արած դուբլը: Չենք ասում երկրաչափականով (անհամորեն շատ կլինի), բայց գերմանացի Գողիաթը եթե հանկարծ վերցնի ու որոշի «Արսենալի» հետ խաղում էլ հաջողությունը զարգացնել թվաբանական պրոգրեսիայո՞վ… Բոլոր դեպքերում պետք է ակնկալել, որ Արսեն Վենգերը Մանուել Պելեգրինիի նաիվությունը չի ունենա ու հետևություններ կանի Ռանիերիի ասածից, ով «Սիթիի» հետ խաղից հետո բարձրաձայնեց, որ իրենք իրենց մտքում արդեն ունեն «Արսենալի» հետ հանդիպումը: Ինչևէ, զարգացումներից առաջ չընկնենք, բայց որ բոլոր դեպքերում «Լեստերը», հավատարիմ մականվանը, անուշ-մեղուշ բառերով հավանոց մտած ու իր արյունոտ գործն անող սանիկ է, կարծում եմ, որ ինքներդ էլ եք արդեն համոզվում:
Պրեմիեր լիգային հղումն ավարտենք «Սանդրլենդի» հետ տնային խաղը «հմտորեն» տապալած «Լիվերպուլին» հիշելով՝ 2:2 (հյուրերը վերջին տասը րոպեում են խփել գոլերը) ու «Բորնմուտ»-«Արսենալ» դիմակայության թվային արտահայտությանն անդրադառնալով (0:2), որը հիմնովին վերախմբագրեց առաջին եռյակի դասավորությունը՝ նրան տալով հետևյալ տեսքը՝ «Լեստեր» 53, «Տոտենհեմ» ու «Արսենալ»՝ 48-ական միավոր: Ինչ վերաբերում է «Չելսի»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությանը, կողմերն իրարից բաժանվել են մեկական գոլ խփած, ու արդեն իններորդ անընդմեջ խաղը «Յունայթեդը» չի կարողանում ձերբազատվել «Չելսի» կոչված բարդույթից:

ԻՍՊԱՆԻԱ
«Աթլետիկո»-«Էյբար» մրցակցությունում բուն մարտական գործողությունները ծավալվեցին այն բանից հետո, երբ հյուրերը բացեցին խաղի հաշիվը: Սակայն սենսացիա չեղավ: Մադրիդցիները պատասխանեցին երեքով: Գոլերից մեկի հեղինակը Ֆեռնանդո Տորեսն է, ով իր հարյուրերորդը խփեց մադրիդյան ակումբի կազմում:
«Բարսելոնը» որքան էլ արտագնայի էր մեկնել, այդուհանդերձ, պրոբլեմներ չունեցավ «Լևանտեի» հետ խաղում՝ բավարարվելով երկու գոլ խփելով: Նկատենք, որ սա կատալոնցիների քսանութերորդ անպարտելի խաղն էր, որը Գվարդիոլայի ժամանակների ակումբային ռեկորդի կրկնությունն է:
Ոչ այնքան հեշտությամբ, բայց և այնպես երեք միավորի տեր դարձավ և Մադրիդի «Ռեալը», որի մրցակիցը «Գրանադան» էր՝ 2:1:
Առաջատար եռյակի դասավորությունում, բնականաբար, փոփոխություններ չեղան, պարզապես ունեցած միավորներն ավելացան ևս երեքով: «Բարսելոնն» ունի 54 (պլյուս՝ պակաս անցկացրած մեկ խաղ), «Աթլետիկոն»՝ 51, արքայական ակումբը՝ 50 միավոր:

ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի հերթականը նորից հաղթական եղավ առաջին երկու հորիզոնականներում հանգրվանած «Նապոլիի» (1:0 հաշվով հաղթել է «Կարպիին») ու «Ֆրոզինոնեին» հյուր գնացած «Յուվենտուսի» համար՝ 2:0: Հուսանք, որ թիմերի իրարից ունեցած երկու միավորի տարբերությունն այսպես անվերջ չի շարունակվի, քանի որ առջևում, իսկ ավելի ստույգ՝ փետրվարի 13-ին, «Յուվենտուս»-«Նապոլի» դիմակայությունն է` հյուսիս-հարավ հանրահայտ դիմակայությամբ, իսկ սա Իտալիայում հրաբխի կամ ջրհեղեղի պես մի բան է:
«Ինտերը» չկարողացավ օգտվել Բոլոնիայում տեղի համանուն թիմի հետ «Ֆիորենտինայի» խաղացած ոչ-ոքիից (1:1)՝ նույնպես բավարարվելով մեկ միավորով: Ի դեպ, եթե փոխարինման ելած Պերիշիչը չխփեր պատասխան երրորդ գոլը, ամեն ինչ կարող էր շատ ավելի տխուր ավարտ ունենալ: «Նապոլին» ունի 56, «Յուվենտուսը»՝ 54, «Ֆիորենտինան»` 46 միավոր:

ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի առաջատար եռյակի դասավորությունում անցնող տուրը փոփոխություն բերելու զորությունը չունեցավ: Գոլազուրկ ոչ-ոքիներով իրենց հերթականն ավարտեցին թե Մյունխենի «Բավարիան», թե Դորտմունդի «Բորուսիան»: Առաջինը դա արեց Լևերկուզենում, տեղի «Բայերի» հետ խաղում, երկրորդից զրոյական քննությունը վերցնողը «Հերտան» էր: Նույնպես տանտեր: «Բավարիան» ունի 53, «Բորուսիան»՝ 45, «Հերտան»՝ 35 միավոր:

ՖՐԱՆՍԻԱ
Հերթական տուրն էլ ֆրանսիական առաջնության խռովարարին՝ «Անժին», ոչինչ լավ բան չբերեց: Այս անգամ պարտությունն ավելի ցավալի էր ոչ միայն հաշվի առումով (երեք չոր գնդակի տարբերությամբ է զիջել «Լիոնին»), այլև որ այն սեփական հարկի տակ էր:
Դիվիզիոնում մրցաշարային առումով շատ ավելի հետաքրքրական էր երկրորդ ու երրորդ տեղերում գտնվող «Մոնակոյի» ու «Նիցցայի» առերեսումը: Այն ավարտվեց տանտերերի նվազագույն հաշվով առավելությամբ, ինչը նշանակեց «Մոնակոյի» դիրքերի ավելի ամրապնդում երկրի փոխչեմպիոնության համար պայքարում: Ասում ենք՝ փոխչեմպիոնության, որովհետև տեսականորեն անգամ դժվար է պատկերացնել, որ այս մրցաշրջանում կգտնվի ՊՍԺ-ի ձեռքից չեմպիոնությունը խլելու ունակ որևէ թիմ: Ինչ վերաբերում է «Մարսել»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայությանը, այն դարձյալ հաղթական էր մայրաքաղաքայինների համար՝ 2:1, ովքեր, կարելի է ասել, արդեն անհիշելի ժամանակներից չեն կրում պարտություն: ՊՍԺ-ն ունի 66, «Մոնակոն»՝ 45, «Նիցցան»՝ 39 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ